Էկոլգիա

Արևորդի

Կրթահամալիրում բնապահպանական նախագծերը տարիներ շարունակ իրենց ուրույն տեղն ունեն, որովհետև մենք կարևորում ենք մեր տեսանելիությանը հասանելի, և միլլիոնավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող հրաշքը՝ կյանքը, որը հենց ինքը մարդն է վտանգում: Կրթահամալիրի հիմնադիր տնօրենի հետ և բնապահպանական նախագծային խմբերով մասնակցեցինք «Արևորդի» բնապահպանական միջազգային փառատոնի փակմանը: Փառատոնն արդեն 10 տարեկան է, ինչն էլ խոսում է նրա կարևորության մասին: Մինչև փառատոնին մասնակցելը մի խումբ սեբաստացիներով եռօրյա էկո-հայրենագիտական բաց ճամբար ունեցանք Ուրցաձորում, որտեղ էլ դիտեցինք ֆիլմերը ամբողջովին և խորապես ծանոթացանք փառատոնի նպատակին: Փակումը տևեց գրեթե 2 ժամ, բայց ծրագիրն այնքան հագեցած էր, որ չնկատեցինք, թե ինչպես ժամանակը անցավ: Դիտեցինք մրցանակների արժանացած բոլոր բնապահպանական ֆիլմերը, իսկ հետո ունեցանք քննարկում-հարց պատասխաններ, առցանց միացմամբ աշխարհի տարբեր ծայրերից ֆիլմերի հեղինակների խոսքը լսեցինք և վերջում քննարկեցինք ծրագրի հետագա նպատակները, որի մի մասը կկազմի կրթահամալիրը:

Գրականություն

Լևոն Շանթ « Հին Աստվածներ»

Աբեղան Լևոն Շանթի « Հին Աստվածներ» դրամայում կուսակրոն հոգևորական է, ում Վանահայրը դաստիրակում է սկսած մանկությունից ու նախապատրաստում հոգևոր ծառայության։ Աբեղան դեռ հլու է, փոքրուց մեծացել է վանահոր դաստիարակությամբ, վերջինս էլ, նրան դաստիարակել է ելնելով միայն սեփական կյանքի փորձից, որն իհարկե, սխալ է։ Սակայն կյանքի և կնոջ հետ առաջին իսկ շփումից հետո Աբեղայի հոգում արթնանում է կյանքը ճանաչելու և վայելելու տենչ։ Բայց երիտասարդ հասակը նրան հնարավորություն չի տալիս սթափ ընտրություն կատարելու: Նա շարունակ կասկածում է, քանի որ Վանահոր աշակերտը լինելով՝ նրա քարոզներն ընդունել է որպես բացարձակ ճշմարտություն։ Նա փորձում է վերաիմաստավորել մինչև այդ իր ապրածը, բայց շատ փոքր կենսափորձ ունենալով նա խճճվում է իր որոնումներիում։ 

« Աբեղա -(Խաչի առջև ծանր իջնելով) Ես կորսված մեղավոր մըն եմ, փրկե՛ ինծի,Տե՛ր․ ես ինկած հանցավոր մըն եմ, օգնե՛ ինծի, Տե՛ր․մեղքի մեջ խեղդվող մըն եմ, բռնե ձեռքես, տե՛ր։ Տե՛ս,մեղքի ծովուն մեջ, մեղքի ծովուն մեջ, ծովուն, ծովուն․․․»

Սեդային հանդիպելով Աբեղան հասկանում է, որ իր կյանքը դարձել է մի մեծ կշեռքի երկու նժար, որոնցից մեկին դրված է կյանքն իր փոթորիկներով եւ Սեդայով, իսկ մյուսին՝ այն ուղին, որով իրեն ուզում է առաջնորդել Վանահայրը։ Աբեղայի երկփեղկված երկրորդ ես-ը նրանից պահանջում է մեկ հարցի պատասխան, ո՞րն է կյանքի իմաստը։ Ի վերջո, ի՞նչ է փնտրում ինքը, ինչու՞ պետք է հետևի Վանահորը կամ ինչու՞ չպետք է հետևի։ Հոգեվերլուծական զուգորդումներով Շանթը կերպարին կանգնացնում է նոր փաստի առաջ․ նա Ճգնավորի փորած փոսի մոտ է, փոս, որը աշխատանքի հետևանք է, տքնաջան, ծանր, տևական աշխատանքի։ Ողջ կյանքի սիմվոլիկ պատկերն է սա՝ ունայնության փոսը, որը լցված էր երազներով։ Կյանքը, որը մենք ապրում ենք լցված երազանքներով ու երազներով։ Ճգնավորը Աբեղային բացատրում է կյանքի իմաստը, բայց այդ ո՞ր փիլիսոփան է կարողացել մարդկության պատմության ընթացքում միանշանակ ու անսխալ պատասխանել այդ հարցին։ Իսկ ո՞վ է Ճգնավորը, որ կարողանա պատասխանել այդ հարցին։ Ճգնավորն իր փորձը պարզում է երիտասարդի առաջ․ 

« ԱԲԵՂԱՆ – Ճիշտ է, Ճգնավոր, որ դուն տեր ու թագավոր ես եղեր ամբողջ ընդարձակ աշխարհներու, պալատներու մեջ ես ապրեր, հարյուրավորներ են ծառայեր քու ամեն մեկ քմայքիդ, վայելքներուդ ու զվարճություններուդ սահման չէ եղեր: Ճի՞շտ է, Ճգնավոր, ինչ որ կպատմեն:

ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն:

ԱԲԵՂԱՆ – Կըսեն` թողեր ես այդ բոլորը, պալատն ու խրախճան, իշխանությունն ու փառք, թողեր ես ամեն ինչ, հագեր ես սքեմ, գացեր ես մարդոց մեջ ապաշխարանք քարոզելու, քարոզելու գութ, քարոզելու ողորմություն, քարոզելու խոնարհություն: Ճի՞շտ է, Ճգնավոր, ինչ որ կպատմեն:

ՃԳՆԱՎՈՐԸ Ունայնություն:

ԱԲԵՂԱՆ – Ճի՞շտ է, որ ատկե ալ ես կշտացեր, եկեր ես այս մենության մեջ անդորրություն գտնելու, մտածելու հոգիիդ փրկությունը:

ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն:

ԱԲԵՂԱՆ -(Հուզված) Ճգնավոր, ի՞նչ կխոսիս, ունայնություն և քու ճգնությո՞ւնդ:

ՃԳՆԱՎՈՐԸ – (Անտարբեր) Քիչ մը հեռու իմ փոսես, փուլ չի տաս:

ԱԲԵՂԱՆ – Հա, այս փոսը: Երևի, գերեզմանդ է, որ վրան այդպես կդողաս: Բայց բաց է ու պարապ:

ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն և գերեզմանը: Ես գերեզման չունիմ:

ԱԲԵՂԱՆ – Հա, իրավ որ, գիտեմ: Կըսեն` քեզի նետեր ես ծովը, հոն, այն մյուս կողմի բարձր ժայռեն: Չվախցա՞ր հոգիիդ կորուստեն, չվախցա՞ր հանդերձյալ կյանքեն:

ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն մըն ալ այդ քու հոգիդ ու քու հանդերձյալ կյանքդ:

ԱԲԵՂԱՆ – (Սարսափահար) Լռե, թշվառական, հայհոյանք է խոսածդ:

ՃԳՆԱՎՈՐԸ – Իզուր մի սարսափիր ու քիչ մը հեռու փոսես:

ԱԲԵՂԱՆ – Ալ ի՞նչ փոս, ալ ինչո՞ւ համար, ուրեմն ալ ինչո՞ւ ես փորեր այդ փոսը, ուրեմն ալ ինչո՞ւ կպահպանես այդպես վախով ու դողով, նույնիսկ մահեդ ալ անդին:

ՃԳՆԱՎՈՐԸ — (Գլուխը շարժելով) Ա, ատիկա է, ատիկա ունայնություններուն ունայնությունը: Փորեր եմ, փորեր, նայե, այս եղունգներովս, ուղեղովս ու սրտովս, փորեր եմ անընդհատ ծնած օրես մինչև վերջին վայրկյանը, փորեր եմ ու որոներ տակեն բան մը գտնելու համար, կարևոր բան մը, փորեր եմ ու պահպաներ, որ այդչափ աշխատանքս չկորչի, հիմա ալ կպահպանեմ, որովհետև իմ փորածս է, միակ բանը, որ իմս է, իմ ստեղծածս: Միակ բանը, այ, այդ փոսը, այդ դատարկ փոսը, այդ միշտ դատարկ փոսը, որ ինչքան փորես, այնքան ավելի դատարկ կդառնա: Դատարկ, դատարկ, կհասկանա՞ս, որ երբեք, երբեք չէ լցվելու, ոչինչով, ոչինչով: Գնա, դուն ալ գնա փորե քու փոսդ ու թող իմինս ինծի: (Կուզե հեռանա):»։ Կյանքի իմաստի հերթական ամփոփում՝ ունայնությունից ունայնություն։ 

Աբեղան իր կյանքի թունելի վերջում տեսնում է Ճգնավորին, որպես հավերժական «փոս» փորող։ Ճգնավորը փոսը լցնում է իր երազներով։ Աբեղան կանգնում է երազներով լցված փոսի մոտ և ոտքերի տակ զգում կայուն հող։ Կարծում եմ, փոսը պատրանքներով լցնելու գեղարվեստական պատկերը, որպես արվեստի կերպավորման միջոց, բխում է ոչ թե Շանթի ռոմանիկ մտածողությունից, այն ամենախոր, ամենացավոտ ու ահառազդու ռեալիզմ է: Շանթը նրան «հրում է» դեպի կյանքի ծովը, ուր Աբեղան իրեն տեր է զգում՝ պատրաստ հաղթելու իր ճանապարհի խոչընդոտներին։ Աբեղայի կամքն առ իշխանություն Արևի տաճարում օգնում է նրան տեղ գտնել հզորների կողքին։

Ճամփորդություններ

Մրսեք ու ջերմացեք…

Առանց ճանապարհների կյանքս չեմ պատկերացնում: Հայաստանի ճամփեքը շատ հարազատ են, ուրիշ են, իմն են: Տարվա ամեն եղանակի ջերմությամբ ու սիրով են լցված, ստիպում են թողնես մի կողմ դաս, պարապմունք, աշխատանք ու տրվես բնության խաղին: Հայրենիքի հանդեպ սերը գրքերում ու ֆիլմերում փնտրելը սխալ է, պիտի ինքդ քո աչքով տեսնես, ֆիքսես ու կենսական լուծումներ առաջարկես հանդիպածդ խնդիրներին:

Ուրցաձորի էկո հայրենագիտական կենտրոնում մասնակցեցինք եռօրյա ճամբարի: Տեսանք, թե ինչպես են խնամվում գրեթե անկենդան վիճակի հասած արջերը՝ որոնք հրաշքով ապրում են, հեռադիտակով հետևեցինք քարայծերի վազքին, ջերմոցում ծանոթացանք վայրի ծառերի տեսակներին: Երկիր մոլորակի կլիմայի տաքացման վերաբերյալ ֆիլամադիտում-քննարկումներ ունեցանք, իսկ հետո բաց պարապմունքներ ինչպես Ռուբեն Խաչատրյանի, այնպես էլ այլ հետաքրքիր բնապահպանների հետ: Կրթահամալիրում բնապահպանական ամենամյա նախագծերի շրջանակներում ունեցանք նաև կարևոր կլոր սեղան-հանդիպում ՀՀ բնապահպանության նախարար՝ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Հանդիպմանը երկար էինք սպասել, բայց այն կայացավ և արդարացրեց մեր բոլոր ակնկալիքները: Ռոմանոս Պետրոսյանի հետ ծրագրեցինք համագործակցություն և որոշեցինք հետագա միասնական անելիքները: Մոտակայում կրթահամալիրում կունենանք հավաքներ և կտանք նախգծերի իրականացման սկիզբը: Կլոր սեղանին ներկա էին նաև այլ մասնագետներ՝ անտառագետներ, անտառի պաշտպանության մասնագետներ, և կարևորում եմ այն, որ հանդիպմանը հենց շրջակա միջավայրի նախարարն էր ներկա: Համոզված եմ, որ բարձրացված խնդիրների լուծումները չեն ուշանա, իսկ նոր ջերմոցների ստեղծումն ու ծառերի տնկումը հենց Արատեսում էլ կիրականացվի:

P.s Ապրեք, ուղղակի ապրեք կյանքը: Սարեր ու ձորեր մագլցեք: Խարույկ վառեք: Մրսեք ու ջերմացեք: Խենթություններ արեք: Սիրեք ու սեր ստացեք: Ընկերական ներկայությունն ու հոգատարությունը վայելեք: Սիրեք կյանքն ու հեռուն տանող ճանփեքը: Ու, եթե անգամ 4 ժամ անդադար սար բարձրանաք, և դրանից հետո պարզվի, որ ուտելու ոչինչ չունեք, բայց հետո որևէ մեկիդ ուսապարկից գտնեք մեկ սալիկ շոկոլադ ու այն բաժանեք լիքը փոքր մասերի, շունչ կքաշեք և կասեք, որ կյանքը հիասքանչ է…