Գրականություն

Թմկաբերդի առումը

Կարդա Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը։

• Գտիր տողերը, որտեղ Թաթուլին նկարագրում։

Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.

Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.

• Գտիր տողերը, որտեղ թմկա տիրուհուն է նկարագրում։

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,

Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա

 Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,

    Ա՛յ նազանի աննըման.

• Բնութագրիր Նադիր Շահին. ներկայացրու նրա վատ և լավ կողմերը։ Վերաբերմունք արտահայտիր նրա արարքի նկատմամբ։

Շահը եսասեր էր, խորամանկ և ինքնավստահ: Նադիր Շահը գտել էր այն կետը, որը Թաթուլի կյանքից ջնջելով Նրան թևաթափ կանի:

• Գնահատիր թմկա տիրուհու արարքը։ Տեսակետներդ գրառիր դավաճանության շուրջ ընդհանրապես (ում են հավատարիմ լինում և ում են դավաճանում, հնարավո՞ր է զերծ մնալ դավաճանությունից, նա, ում դավաճանում են, մեղքի բաժին ունի՞ կատարվածում և այլն)։

Թմկա տիրուհու արարքը ըստ իս աններելի էր: Չնայելով նրան, որ ամուսնության արանքում ընկած էր շահը, ոչ թե սերը, նման քայլը դավաճանական էր: Դավաճանություն գործած անձը առաջինն ինքն իրեն է դավաճանում, հետո կողակցին:

Գրականություն

Լևոն Շանթ « Հին Աստվածներ»

Աբեղան Լևոն Շանթի « Հին Աստվածներ» դրամայում կուսակրոն հոգևորական է, ում Վանահայրը դաստիրակում է սկսած մանկությունից ու նախապատրաստում հոգևոր ծառայության։ Աբեղան դեռ հլու է, փոքրուց մեծացել է վանահոր դաստիարակությամբ, վերջինս էլ, նրան դաստիարակել է ելնելով միայն սեփական կյանքի փորձից, որն իհարկե, սխալ է։ Սակայն կյանքի և կնոջ հետ առաջին իսկ շփումից հետո Աբեղայի հոգում արթնանում է կյանքը ճանաչելու և վայելելու տենչ։ Բայց երիտասարդ հասակը նրան հնարավորություն չի տալիս սթափ ընտրություն կատարելու: Նա շարունակ կասկածում է, քանի որ Վանահոր աշակերտը լինելով՝ նրա քարոզներն ընդունել է որպես բացարձակ ճշմարտություն։ Նա փորձում է վերաիմաստավորել մինչև այդ իր ապրածը, բայց շատ փոքր կենսափորձ ունենալով նա խճճվում է իր որոնումներիում։ 

« Աբեղա -(Խաչի առջև ծանր իջնելով) Ես կորսված մեղավոր մըն եմ, փրկե՛ ինծի,Տե՛ր․ ես ինկած հանցավոր մըն եմ, օգնե՛ ինծի, Տե՛ր․մեղքի մեջ խեղդվող մըն եմ, բռնե ձեռքես, տե՛ր։ Տե՛ս,մեղքի ծովուն մեջ, մեղքի ծովուն մեջ, ծովուն, ծովուն․․․»

Սեդային հանդիպելով Աբեղան հասկանում է, որ իր կյանքը դարձել է մի մեծ կշեռքի երկու նժար, որոնցից մեկին դրված է կյանքն իր փոթորիկներով եւ Սեդայով, իսկ մյուսին՝ այն ուղին, որով իրեն ուզում է առաջնորդել Վանահայրը։ Աբեղայի երկփեղկված երկրորդ ես-ը նրանից պահանջում է մեկ հարցի պատասխան, ո՞րն է կյանքի իմաստը։ Ի վերջո, ի՞նչ է փնտրում ինքը, ինչու՞ պետք է հետևի Վանահորը կամ ինչու՞ չպետք է հետևի։ Հոգեվերլուծական զուգորդումներով Շանթը կերպարին կանգնացնում է նոր փաստի առաջ․ նա Ճգնավորի փորած փոսի մոտ է, փոս, որը աշխատանքի հետևանք է, տքնաջան, ծանր, տևական աշխատանքի։ Ողջ կյանքի սիմվոլիկ պատկերն է սա՝ ունայնության փոսը, որը լցված էր երազներով։ Կյանքը, որը մենք ապրում ենք լցված երազանքներով ու երազներով։ Ճգնավորը Աբեղային բացատրում է կյանքի իմաստը, բայց այդ ո՞ր փիլիսոփան է կարողացել մարդկության պատմության ընթացքում միանշանակ ու անսխալ պատասխանել այդ հարցին։ Իսկ ո՞վ է Ճգնավորը, որ կարողանա պատասխանել այդ հարցին։ Ճգնավորն իր փորձը պարզում է երիտասարդի առաջ․ 

« ԱԲԵՂԱՆ – Ճիշտ է, Ճգնավոր, որ դուն տեր ու թագավոր ես եղեր ամբողջ ընդարձակ աշխարհներու, պալատներու մեջ ես ապրեր, հարյուրավորներ են ծառայեր քու ամեն մեկ քմայքիդ, վայելքներուդ ու զվարճություններուդ սահման չէ եղեր: Ճի՞շտ է, Ճգնավոր, ինչ որ կպատմեն:

ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն:

ԱԲԵՂԱՆ – Կըսեն` թողեր ես այդ բոլորը, պալատն ու խրախճան, իշխանությունն ու փառք, թողեր ես ամեն ինչ, հագեր ես սքեմ, գացեր ես մարդոց մեջ ապաշխարանք քարոզելու, քարոզելու գութ, քարոզելու ողորմություն, քարոզելու խոնարհություն: Ճի՞շտ է, Ճգնավոր, ինչ որ կպատմեն:

ՃԳՆԱՎՈՐԸ Ունայնություն:

ԱԲԵՂԱՆ – Ճի՞շտ է, որ ատկե ալ ես կշտացեր, եկեր ես այս մենության մեջ անդորրություն գտնելու, մտածելու հոգիիդ փրկությունը:

ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն:

ԱԲԵՂԱՆ -(Հուզված) Ճգնավոր, ի՞նչ կխոսիս, ունայնություն և քու ճգնությո՞ւնդ:

ՃԳՆԱՎՈՐԸ – (Անտարբեր) Քիչ մը հեռու իմ փոսես, փուլ չի տաս:

ԱԲԵՂԱՆ – Հա, այս փոսը: Երևի, գերեզմանդ է, որ վրան այդպես կդողաս: Բայց բաց է ու պարապ:

ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն և գերեզմանը: Ես գերեզման չունիմ:

ԱԲԵՂԱՆ – Հա, իրավ որ, գիտեմ: Կըսեն` քեզի նետեր ես ծովը, հոն, այն մյուս կողմի բարձր ժայռեն: Չվախցա՞ր հոգիիդ կորուստեն, չվախցա՞ր հանդերձյալ կյանքեն:

ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն մըն ալ այդ քու հոգիդ ու քու հանդերձյալ կյանքդ:

ԱԲԵՂԱՆ – (Սարսափահար) Լռե, թշվառական, հայհոյանք է խոսածդ:

ՃԳՆԱՎՈՐԸ – Իզուր մի սարսափիր ու քիչ մը հեռու փոսես:

ԱԲԵՂԱՆ – Ալ ի՞նչ փոս, ալ ինչո՞ւ համար, ուրեմն ալ ինչո՞ւ ես փորեր այդ փոսը, ուրեմն ալ ինչո՞ւ կպահպանես այդպես վախով ու դողով, նույնիսկ մահեդ ալ անդին:

ՃԳՆԱՎՈՐԸ — (Գլուխը շարժելով) Ա, ատիկա է, ատիկա ունայնություններուն ունայնությունը: Փորեր եմ, փորեր, նայե, այս եղունգներովս, ուղեղովս ու սրտովս, փորեր եմ անընդհատ ծնած օրես մինչև վերջին վայրկյանը, փորեր եմ ու որոներ տակեն բան մը գտնելու համար, կարևոր բան մը, փորեր եմ ու պահպաներ, որ այդչափ աշխատանքս չկորչի, հիմա ալ կպահպանեմ, որովհետև իմ փորածս է, միակ բանը, որ իմս է, իմ ստեղծածս: Միակ բանը, այ, այդ փոսը, այդ դատարկ փոսը, այդ միշտ դատարկ փոսը, որ ինչքան փորես, այնքան ավելի դատարկ կդառնա: Դատարկ, դատարկ, կհասկանա՞ս, որ երբեք, երբեք չէ լցվելու, ոչինչով, ոչինչով: Գնա, դուն ալ գնա փորե քու փոսդ ու թող իմինս ինծի: (Կուզե հեռանա):»։ Կյանքի իմաստի հերթական ամփոփում՝ ունայնությունից ունայնություն։ 

Աբեղան իր կյանքի թունելի վերջում տեսնում է Ճգնավորին, որպես հավերժական «փոս» փորող։ Ճգնավորը փոսը լցնում է իր երազներով։ Աբեղան կանգնում է երազներով լցված փոսի մոտ և ոտքերի տակ զգում կայուն հող։ Կարծում եմ, փոսը պատրանքներով լցնելու գեղարվեստական պատկերը, որպես արվեստի կերպավորման միջոց, բխում է ոչ թե Շանթի ռոմանիկ մտածողությունից, այն ամենախոր, ամենացավոտ ու ահառազդու ռեալիզմ է: Շանթը նրան «հրում է» դեպի կյանքի ծովը, ուր Աբեղան իրեն տեր է զգում՝ պատրաստ հաղթելու իր ճանապարհի խոչընդոտներին։ Աբեղայի կամքն առ իշխանություն Արևի տաճարում օգնում է նրան տեղ գտնել հզորների կողքին։

Գրականություն

Համո Սահյան

Մշակիր քո հողը* / Համո ՍԱՀՅԱՆ | Գրական ... Սահյանի կենսագրությանը կարծում եմ բոլորս էլ քաջ ծանոթ ենք, կամ գոնե որոշ չափով տեղեկացված: Հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով ես այս նյութի միջոցով կփորձեմ ծանոթացնել ձեզ Համո Սահյանի  «Պոեզիայի» աշխարհին, կամ ուղղակի դրա նշանակությանը Իր կյանքում: Հաճելի ընթերցում եմ մաղթում:

Պոեզիան Սահյանի էությունն էր, կամ այլ կերպ ասված գոյության բացառիկ իմաստը: Այդ մասին փաստում են նրա չափածո խոստովանությունները «Ես ուրիշ տեղ չկամ» և իրական հավաստումները: Սահյանի պոեզիան հատկանշվում է պոետիկական արվեստի նրբին կողմերի մշակվածությամբ, տողի, բառի, հանգի նկատմամբ հոգատար վերաբերմունքով: Իր նամակներից մեկում Պարույր Սևակը ասում է, թե Համո Սահյանը մեր պոեզիայի լավագույն հանգավորողներից է: Նրա պոեզիան մի միասնական աշխարհ է, որ ամբողջանում է իր բոլոր գրքերով: Իր գյուղը, մանկությունը և բնությունը, որը  պոեզիայի հողն է, պատվանդանը և զինանոցը, որտեղից էլ նա վերցրել է պատկերներ, գույներ ու ձևեր, յուրահատուկ տեղ են ունեցել Սահյանի պոեզիայում: Տարբեր տարիների բանաստեղծություններում, ինչպես նաև հոդվածներում ու հարցազրույցներում Սահյանը բազմիցս անդրադարձել է ստեղծագործական հարցերի, փորձել ինքն իրեն ու ընթերցողին հասկանալի դարձնել իր՝ որպես բանաստեղծի էությունը: «Թե ով եմ և ինչ» բանաստեղծության մեջ, որ նվիրված է քննադատ Սուրեն Աղաբաբյանին և չափածո զրույց է նրա հետ, Սահյանը իր պոեզիայի սուբստանցը համարում է բնության հետ նույնացումը:  Նրա միտքն ու ոգին գերազանցապես մարմնավորվել են նրա հարյուրավոր բանաստեղծություններում, տասնյակ բանաստեղծական գրքերում: Բանաստեղծի գրական մուտքը կայացավ 1946 թվականին, երբ Երևանում նույն Ստեփան Զորյանի խմբագրությամբ լույս տեսավ նոր բանաստեղծի առաջին ժողովածուն՝ «Որոտանի եզերքին»: Այն միանգամից սահմանում է նրա գեղագիտության գլխավոր օրենքները՝ վերադարձ հայրենի գյուղ ու հայրենական տուն, հանդիպում սիրելի բնության ու հոգեհարազատ էակների հետ, անմիջական զրույց նրանց հետ: Այս որակները շուրջ կես դար կազմեցին Համո Սահյանի պոեզիայի էությունը: 

Սահյանի բանաստեղծություները ըստ իս յուրահատուկ են: Դուք ունեք իրավունք չհամաձայնվելու ինձ հետ, և ես կհարգեմ ձեզ, չէ՞ որ, շատ հազվադեպ են մարդկային կարծիքները համընկնում: Դրանց մեջ ցավ, արցունքներ, դառնություն, կարոտ, տառապանք, խինդ ու երջանկություն միաձուլված են միմյանց հետ, և ընթերցողին ստիպում են յուրաքանյուր տողի հետ վերապրել ու զգալ այդ ամենը: Տարեցարի վերընթերցելով բանաստեղծությունները դրանք ընկալում եմ յուրովի, անում նոր բացահայտումներ և ամեն անգամ, կարծես առաջին անգամ: Այդպիսին են Սահյանի ստեղծագործությունները. չհնացող, այլ ամեն անգամ նոր: Ստորև իմ ամենասիրելի բանաստեղծությունները. «Ինձ բացակա չդնեք», «Եվ չիմացանք, թե ինչու» «Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու», «Ինչ արած, մարդ եմ», «Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա»:

Այս բանաստեղծությունները ինձ համար յուրահատուկ նշանակություն ունեն և ես դժվարացա առանձնացնել կոնկրետ մեկը, բայց համառոտ կխոսեմ մեկի մասին: Վերջին ստեղծագործության և մեր աշխարհում այսօր կատարվելիքի միջև ես նմանություն եմ տեսնում: «Խելագարվել է կյանքը տագնապից, Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա, խելագարվել է աշխարհն իմ խելքից»: Կորոնավիրուսի պատճառով աշխարհը հիմա բարդ ընթացք է անցնում ու մեզ համար բարդ էր սովորել կյանքի այս տեմպին, իսկ ինձ ասում են, թե խելոք մնա…

Օգտված աղբյուր՝ Համո Սահյանը…

 

Գրականություն

Կարդում ենք Չարենց

  1. Ծանոթացիր Սայաթ-Նովայիայս բանաստեղծությանը , նաև «Դուն էն գլխեն իմաստուն իս» և «Աշխարհս մե փանջարա է» բանաստեղծությունները։

  1. Տեղեկություններ գտիր Սայաթ-Նովայի մասին։-Սայաթ-Նովա  իրական անուն-ազգանուն՝ Հարություն (Արութին) Սայադյան, հունիսի 14, 1722, Թիֆլիս, Քարթլիի թագավորություն – նոյեմբերի 22, 1795, Հաղպատ, Քարթլի-Կախեթի թագավորություն), ուշ միջնադարի հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիր։ Սայաթ-Նովայի կյանքը ավելի քան 150 տարի եղել է գրականագետների, լեզվաբանների, պատմաբանների և փիլիսոփաների բանավեճերի առարկան։ Նրա կյանքի բազմաթիվ կարևոր հանգամանքներ և մանրամասներ մինչև օրս էլ ամբողջությամբ չեն ուսումնասիրվել։ Նրա մասին տեղեկությունների հիմնական աղբյուրներից են հենց իր գրած բանաստեղծությունները։ Սայաթ-Նովան ունի մի շարք լեզուներով գրված բանաստեղծություններ․ պահպանվել են 68 հայերեն, 34 վրացերեն, 115 թուրքերեն ստեղծագործություններ, սակայն թուրքերեն բանաստեղծությունների մեծ մասը դեռ չի հրապարակվել և պահվում է Սանկտ Պետերբուրգի Ասիական թանգարանում։

  1. Համեմատի՛ր Սայաթ-Նովայի բանաստեղծությունները Չարենցի «Տաղարանի» «Երազ տեսա…», «Աշուղ Սայաթ-Նովի նման», «Կուզեմ հիմի փչե զուռնեն», «Երբ էս հին աշխարհը մտա…»։ Գտիր այս բանաստեղծություններում բանաստեղծական քեզ ծանոթ տաղաչափությունը (սոնետ, տրիոլետ, գազել, քառյակ և այլն)
Երազ տեսա… (գազել)

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։

Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:

Աշուղ Սայաթ-Նովի նման… (գազել)

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդգոզալ— երգս ուրախ պիտի ասեմ։

Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։

Կուզեմ հիմի փչե զուռնեն․․․ (գազել)

Կուզեմ հիմի փչե զուռնեն – հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ -ու բաց ըլիմ մինչև էգուց:

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև էգուց:

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց:

Երթամ – ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազի՜զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց:

Երբ էս հին աշխարհը մտա… (գազել)

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով
Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին։

Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։

Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:

Եվ սրտիս ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի,—
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին։

Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:

Ասի թե՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն, համառ է, ասին։

Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ,—
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին։


5․ Կարդա նաև «Ես իմ անուշ Հայաստանի», «Հայաստանին», նաև շարքը բացող «Ինչքան որ հուր կա իմ սրտում» և «Ամռան անուշ, հուրհրատող տոթ ես, ջան»

Գրականություն

Սամվել

«Սամվելը» հայ գրող Րաֆֆու պատմական վեպերից է։ Րաֆֆին «Սամվելը» սկսել է գրել է 1884 թ, իսկ ավարտել 1886 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Արձագանք» շաբաթաթերթում։ Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1888 թվականին։ «Սամվելը» համարվում է հայկական գրականության լավագույն կոթողներից մեկը։ Նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը 4-րդ դարում, Րաֆֆին ձգտում էր նկարագրել Հայաստանը 19-րդ դարում, երբ այն գտնվում էր Թուրքիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։ Ցարական իշխանությունը այրում էր հայկական գրքերը, փակում եկեղեցիները և ոչնչացնում լեզուն։ Րաֆֆին չէր կարող լուռ նայել այդ ամենին։ «Գրելով այս վեպը ես նպատակ եմ ունեցել այդպիսի նկարագիր մեր պատմական անցյալից»-գրել է Րաֆֆին։ Վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Նրա հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները հայրենասիրություն են խորհրդանշում, նույնիսկ կանայք` Աշխենը, Համազասպուհին, թագուհի` Փառանձեմը, որ պատրաստ են իրենց արյունը թափել հանուն հայրենիքի։ Վեպի համար նյութ է ծառայել Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունները»։ Վեպը բաղկացած է Հառաջաբանից, երեք գլուխներից և փակագծերի մեջ հավելվածից։
Սյուժե:
Գործողությունները տեղի են ունենում IV դարում Հայաստանում, երբ պարսից արքա Շապուհը գերում է Արշակ Բ-ին, և Հայաստանը մնում է անպաշտպան, Շապուհը Արշակ Բ-ին պահում է Խուժիստանի Անհուշ բերդում։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը դավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին, որի դիմաց Շապուհը Մերուժան Արծնունուն խոստանում է հայոց գահը, իսկ Վահան Մամիկոնյանին հայոց սպարապետության պաշտոնը։ Վահան Մամիկոնյանի որդին` Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է հորեղբոր որդու՝ Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։ Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը և կրոնը դավաճանելու համար։ Իսկ հայկական եկեղեցում պարսկացած մոր արյունով հանգցնում է վերջին պարսկական կրակը իր հայրենիքում։
Գրականություն

Լոռեցի Սաքոն

Կարդա Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմը։

Գտիր երախ, անձավ, քաջք, շնալիր, համկալ, փարախ բառերի բացատրությունը։

  1. Երախ- կենդանիների բերան, կլափ
  2. Անձավ- լեռնային զանգվածի կամ գետնի մեջ գտնվող խոռոչ՝ դատարկ տարածություն՝ արտաքին բացվածքով, քարանձավ,
  3. Քաջք- բարի կամ չար առասպելական ոգի, դև
  4. Շնալիր- ալյուրի տականք, որ շաղախում ու թխում են շների համար
  5. Համկալ- եզների փոխանակությամբ վար անելու ընկերակից, փոխնակ
  6. Փարախ- ոչխարների հանգստանալու տեղ

Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ Սաքոն ուժեղ է ֆիզիկապես

Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,

Հեռու են փախչում նըրա փարախից։

Գտիր հատվածներ, որտեղ երևում է, որ Sաքոն իր մենակությունից դժգոհ է

Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Սաքոն ու չունի ընկեր։

Գտիր այն հատվածները, որտեղ խոսվում է զրույց-առասպելների մասին, ներկայացրու դրանցում եղած նկարագրությունները։

Բուխարու կողքին լուռ թինկը տըված

Մըտածում է նա․․․ ու մին էլ հանկարծ,
Որտեղից որտեղ, էն ձորի միջին
Միտն եկան տատի զըրույցները հին․․․
Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
Ծուռը ոտներով գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,

Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում․․․
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.

― Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի՛ մեզ մոտ հարսանիք.
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,

Սիրուն ջահել հարսն-աղջիկ։

Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
Ես քո հոքիրն․․․ ես քո նանն եմ․․․
Ես էլ ազիզ բարեկամ․․․

 Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

Հիշիր ուրիշ առասպելներ, որտեղ կնոջ կերպարով ոգիները մոլորեցնում են մրդկանց ու կործանում։

Տրվածներից ո՞րն էր, ըստ քեզ, Սաքոյի կործանման պատճառը.
Ա) Սաքոյին չարքերը խենթացրին. չարքերը միշտ էլ կործանում են մենակ մարդկանց.
Բ) Սաքոն վախենում էր այն ամենից. ինչ տատը իրեն պատմել էր.
Գ) Սաքոն ֆիզիկապես ուժեղ էր. բայց հոգեպես թույլ էր այդ պահին, դրա համար էլ չար մտքերի համար խոցելի էր:

Հիմնավորիր պատասխանդ.

Ամբոխի և հասարակության մեջ Սաքոն ուժեղ էր, բայց իրական ուժը արտահայտվում է ամբոխից դուրս, մենակության մեջ, հակառակ դեպքում դու չես կարող ուժեղ համարվե: Ըստ իս Սաքոյի կործանման պատճառը իր ներքին անկայուն և թույլ վիճակն էր: Թույլ մարդկնց միշտ էլ հեշտ է իրենց ճանապարհից շեղել, որովհետև հիմնականում նրանք էլ չգիտեն, թե ուր են գնում կամ առհասարակ ինչու՞: Կան մարդիկ, ովքեր մենակ մնալով խենթանում են, անում այնպիսի բաներ, որոնց առողջ մարդը ընդունակ չէ: Հենց մենակությունը Սաքոյին այդ խղճուկ դրության մեջ դրեց, նրան այդքան փոքրացրեց, ու այստեղ նրան չօգնեցին ո՛չ իր ուժը, ոչ էլ աժդահա մարմինը:

Շարադրանք գրիր չարքերի և մեր՝ դրանց նկատմամբ պաշտպանված կամ անպաշտպան լինելու մասին։

Ապրում ենք այնպիսի դարում, որտեղ ամեն վայրկյան որևէ բան է փոխվում, իսկ տեղեկատվական դաշտերը չափից դուրս շատ են, տրվող տեղեկատվությունը անվերահսկելի, ու բացասական, թե դրական տեղեկություն կստանանք, չենք կարող ասել: Մարդը ոչինչից պաշտպանված չէ, ու չենք կարող ասել, թե հաջորդ վայրկյանին ի՞նչ կարող է պատահել: Պետք է կարողանանք ինքներս մեզ վերահսկել: Թե ինչ ենք նայում, կարդում, լսում կամ ուղղակի ինչպիսի մարդկանց հետ ենք շբվում: Թվածներս այնքանով են փոխկապակցված չարքերի հետ, որ առօրյայում, եթե չվերահսկենք այն ինչ լսում ենք, ու կարդում մենք կամա, թե ակամա կդառնանք բացսականի, չարքերի զոհը:

Կարդա նաև Էդգար Ալան Պոյի «Ագռավը» բանաստեղծությունը։ Համեմատիր՝

Ոգիները երբ են հայտնվում ստեղծագործություններից յուրաքանչյուրում.

Էսպես ասած չար ոգիները երկու ստեղծագործությունների մեջ հայտնվում են հենց այն ժամանակ, երբ հերոները մտավոր անօգնական են, թույլ: Էդգար Ալան-ի ստեղծագործության մեջ հերոսին թուլացրել էր Լինորի կորուստը, իսկ Սաքոյին միայնությունը:

Ինչպե՞ս են վերաբրվում դրանց հերոսներից յուրաքանչյուրը։

Ագռավը բանաստեղծության հերոսը սկզբում փորձեց քշել ագռավին, բայց հասկանալով, որ դա իր մոտ չի ստացվի, համակերպվում է  նրա գոյության հետ, իսկ Սաքոն վախենում ու փախուստի է դիմում;

Ոգիներից՝ կերպարների տարբեր կերպ ազդվելը պատճառաբանիր։ 

Սաքոյին խելագարության հասցրեցին տատի պատմությունները, քանի-որ նա դրանք հիշելով ու խորանալով դրանց մեջ անկառավարելի դարձավ, թե՛ իր քայլերում, թե՛ մտքի հանդեպ: Իսկ մյուս ստեղծագործության մեջ հերոսը այդպես էլ չհասկանալով, թե ագռավը իրենից ի՞նչ է ներկայացնում, վտա՞նգ, թե ոչինչ, փորձեց ուղղակի համակերպվել իր գոյության ու ներկայության հետ:

Տեղեկություններ գտիր սարսափի ժանրի մասին, ըստ քեզ՝ ինչն է այդ ժանրում գրավում մարդկանց (ում որ գրավում է)

Սարսափ՝ ֆանտաստիկ գեղարվեստական գրականության ժանր, որը նախատեսված է ընթերցողներին վախեցնելու, զզվանք առաջացնելու, զարմացնելու համար, ստիպելով նրանց զգալ վախ ու սարսափ։ Գրականության պատմաբան Ջոն Էնթոնի Կուդդոնը սահմանել է սարսափ ֆիլմը որպես` «Փոփոխական ծավալով գեղարվեստական արձակի տեսակ, ինչը ապշեցնում, կամ անգամ վախեցնում է ընթերցողին, կամ գուցե ստիպում է զգալ ցնցում ու զզվանք»։ Դա ծայրահեղ սարսափելի միջավայր է ստեղծում։ Սարսափը հաճախ գերբնական է, սակայն կարող է լինել ոչ գերբնական։ Հաճախ սարսափ գեղարվեստական երկի կենտրոնական սպառնալիքը կարող է մեկնաբանվել որպես՝ հասարակության ամենամեծ վախերի մետաֆոր։

Իրականում կարծում եմ երբեք լիովին չեմ հասկանա այն մարդկանց ովքեր սիրում եմ նման ժանրի ֆիլմեր դիտել, գրքեր կարդալ և առհասարակ ամենը կապված սարսափի հետ: Ըստ իս այս ժանրի ֆիլմ դիտելը դիտորդին չի կարող հաճույք պատճառել, որովհետև այդ դաժան և արյունոտ տեսարաններից հետո մարդու նյարդային համակարգն ու ներաշխարհը խախտվում է, լցվում վատ ու բացասական մտքերով:

Շարադրանք գրիր՝ «Վախերն ու անհատականությունը» թեմայով։

Մարդ: Անհատականություն: Մեծ աշխարհ, որը լեցուն է մեծ քանակի վախեր առաջացնող հանգամանքներով: Վախ ասելով պարտադիր չէ հասկանալ որևէ գլոբալ կամ սարսափելի բան, վախերը, ինչպես նաև անհատականությունները շատ են ու տարբեր: Մենք չպետք է թողնենք, որ մեր միտքը կառավարի մեզ, որովհետև վախերը հենց մտքից են սկիզբ առնում: Եթե կա վախ, ապա կա սկզբնաղբյուր, որը պետք է գտնել ու աշխատել այն վերացնելու ուղղությամբ: Վախը բնական երևույթ է, մարդիկ ունեն տարբեր վախեր, բայց գալիս է պահ, որ վախը դառնում է վտանգավոր, թե անձի, թե անձի կյանքի համար: Պետք է կարողանանք մեզ ճիշտ դրսևորել, գրագետ տանել վախը, ու դրանից ազատվելու ելքեր փնտրել, որովհետև, եթե այն ինչ որ տեղ է սկիզբ է առել, վերջ էլ հաստատ կգտնվի:

Գրականություն

Մովսես Խորենացի «Ողբը»

Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած. անհնար է չողբալ…

Խորենացու ողբը բազմաշերտ և հստակ պատկեր արտահայտող, բոլոր ժամանակներում արդի, իրականությունը փոխանցող ամենաազդեցիկ ստեղծագործություններից է: Ողբի հիմնական և գլխավոր թեման ներկայի տգիտությունն ու ապագայում առկայծող հույսն է: Այստեղ շեշտադրված է տառապանքը, որը ժողովրդի գլխին անօրեն իշխանավորի, օրենքն ու իրավունքը ծռող դատավորի և Աստծո պատվիրանները մերժած հոգևորականի պատճառով էր եկել: Դառնալով ազգի ՈՂԲ-ի սկզբնաղբյուրը: Մի պահ փորձենք հինգերորդ դարի փոխարեն ժամանակագրել վեց, յոթ, ութ… քսանմեկերորդ դարերը. ցավոք, բայց մեր իրականության մեջ այսօր էլ ոչինչ չի փոխվել: Որովհետև Ադամական մեղքով վարակված մարդը անկախ ժամանակաշրջանից ինքնահավան, խաբեբա, ագահ, անհաստատ, անիրավության վարձքը սիրող և ունայն է: Խորենացին փորձեց ախտորոշել միջավայրի հիվանդությունը որից սկիզբ էին առնում բոլոր խնդիրները: Անվանեց այն մեղք, իսկ հետո բուժում առաջարկեց, որը՝ զղջալու և ապաշխարության ճանապարհն է: Դարերի ընթացքում զարգացել են տեխնոլոգիաներն ու աշխարհը, բայց մարդու ներսը անփոփոխ է փչացած է մնացել: Եթե փչացած է միջավայրը ու մոռացված Աստվածապաշտությունը, ապա միշտ կա դժոխքի ակնկալություն:

Իսկ այս ամենից թող փրկի Քրիստոսը մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են Նրան։

Գրականություն

Դանիել Վարուժան ՛՛Ձոն՛՛

  1. Տեղեկություն գտիր սոսյաց անտառի ու սոսի ծառի մասին։

  1. Սոսյաց անտառը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը։ Արիական Բուն մշակույթի կրող Բնապաշտ հայերը պատերազմ էին գնում իրենց զինանշաններին կրելով Սոսի ծառի պատկերը։ Հայերը սրբագործել են սոսին և բարդին։ Սոսիի մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նա գրում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո մնում է նրա որդին՝ Անուշավանը, որին անվանում էին Սոսանվեր, որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը պաշտամունքի վայր էր։ Անտառում աճել են հիմնականում սոսիներ։ Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ինչպես սոսյաց անտառը, այդպես էլ Հայաստանի մյուս անտառների զգալի մասը միջին դարերում ոչնչացվել է օտար նվաճողների արշավանքների հետևանքով: Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ։ Այս անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալը դյուցազն էր համարվում։ Հռոմեացիներն սոսին ծառն անվանել են «Հայկական սոսի»։

  1. Ո՞ր ստեղծագործությունն է հիշեցնում կրկնվող «Ընդ եղեգան փող…» արտահայտությունը։
    • Մովսես Խորենացու Վահագնի ծնունդը․
    • Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
    • Ընդ եղեգան փող բոց ելանէր,
    • Եվ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ

  1. Մեկնաբանիր ամեն տունը և դրա ամփոփումը վերջին տողերով։ Ամեն տան համար բովանդակությունը բնորոշող 2-3 բառ գտիր։

Առաջին տան մեջ խոսվում է Սոսյաց անտառների մասին, փառքի մասին: Երկրորդ տան մեջ շատ է շոշափվում կարոտ բառը, երրորդում խոսվում է հայերի ցավի ու կոտորածների մասին, չորրորդում խոսվում է ընտանիքի հանդեպ տածած կարոիտի մասին: Իսկ հինգերորդ գլխում կարծես ամփոփվում է բոլոր չորսում գրվածները այն մտքով, որ հանձնվելը տարբերակ չէ, պետք է պաշտպանել և պայքարել Հայրենիքի համար:

  1. Առաջին տուն-փառքեր, սոսյաց անտառ, հին հայրենիք
    • Երկրորդ տուն-կարոտ, ողբ, պանդուխտներ
    • Երրորդ տուն-վերքեր, արյուն, զոհեր
    • Չորրորդ տուն-որբ տուն, հայր, մայր, օջախ
    • Հինգրորդ տուն-պայքար, մարտիկներ, վրեժ

  1. Հիշիր՝ քեզ ծանոթ որ բանաստեղծությանն է կառուցվածքով նման այս գործը։ Համեմատիր այդ երկու բանաստեղծությունները իրենց ոգեղենությամբ. ուշադրություն դարձրու վերջին տներին։
    • Կառուցվածքով ես էլ եմ այն նմանեցնում Թումանյանի ՛՛Հայոց լեռներում՛՛ բանաստեղծությանը։ Երկուսի մեջ էլ խոսվում է հայերի անցած բարդ ու ցավոտ ճանապարհի, կոտորածների, և փառավոր անցյալի մասին։ Երկուսի բովանդակային իմաստները շատ նման են, տարբեր է միայն ավարտը: Վարուժանը բանաստեղծությունը ավարտում է մարտական ոգով, իսկ Թումանյանը սպասումով…
  2. Գույնով բնորոշիր այս երկու բանաստեղծությունները։
    • Ձոն-դեղին, կապույտ
    • Հայոց լեռներում-կարմիր, սև:
Գրականություն

Երգիծանք

Երգիծանք՝ գրականության և արվեստի իրականության գեղարվեստական արտացոլման յուրահատուկ տեսակ։ Երգիծական ստեղծագործության հիմքում դրված է կոմիկականի գեղագիտական կատեգորիան։

Երգիծանք ենթադրում է կյանքի այնպիսի կողմեր, որոնք իրենց թերություններով հիմք են տալիս ծիծաղի համար։ Երգիծանք օգտվում է չափազանցման, գրոտեսկի, այլաբանության և գեղարվեստական պայմանականության այլ միջոցներից։ Հասարակական-գեղագիտական բարձր իդեալի դիրքերից այն դատապարտում է արատավոր երևույթը։ Երգիծանքում իդեալը արտահայտվում է բացասականի ժխտմամբ։ Դրանով իսկ այն դառնում է հնի և հետադիմականի դեմ մղվող պայքարի զենք։ Գեղարվեստում որոշ ժանրեր, գրեթե պարտադրաբար, կապված են կյանքի երգիծական ընկալման հետ, օրինակ՝ Կատակերգությունը, վոդևիլը, առակը, ֆելիետոնը, պամֆլետը գրականության մեջ և թատրոնում, ծաղրանկարը, շարժը՝ կերպարվեստում։

Երգիծանքը կարող է հանդես գալ նաև մյուս գրական ժանրերում (վեպ, պատմվածք, պոեմ)։ Սկզբնավորվելով անտիկ գրականության մեջ, Երգիծանքը համապատասխան փոփոխություններ է կրել հասարակության և արվեստի զարգացմանը զուգընթաց։ Բացառապես երգիծական տաղանդով օժտված գրողներից են Մոլիերը, Սվիֆտը, Նիկոլայ Գոգոլը, Մալտիկով Շչեդրինը։

Հայ գրականության մեջ այդպիսի դեմքեր են Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Լեռ Կամսարը։ Կերպարվեստում Երգիծանքի վարպետներից են Ու․ Տոգարթը, 0․ Դոմիեն, Տ․ Բիդաորուպը, ռուս երգիծաբան-նկարիչներից՝ Պ․ Ֆեդոտովը, Վ․ Պերովը։ Սովետական Երգիծանքի ներկայացուցիչներից են Դ․ Մոորը, Կուկրինիկսները, Բ․ Եֆիմովը, հայ իրականության մեջ՝ Վ․ Խոջաբեկյանը, Տ․ Շավարշը, Ս․ Արուտչյանը, Գ․ Յարալյանը, սփյուռքում՝ Ա․ Սարուխանը, Չ․ Տամատյանը, Տ․ Աճեմյանը։ Տարբեր են լինում Երգիծանքի երանգները՝ անզիջող, ոչնչացնող ծաղրից (սատիրա) մինչև թերությունների մեղմ պատկերում։

Գրականություն

Քաղաքավարության սխալները

Սեդրաք աղան կոշկակարի մը խանութը կը մտնե:
— Բարեկամ, — կըսե կոշկակարին, — զույգ մը կոշիկ կուզեմ ապսպրել:
— Շատ աղեկ:
— Կոշիկներուն քիթը նեղ ըլլալու չեն:
— Հիմիկվան մոտայեն չեք ուզեր ըսել է:
— Միայն կուզեմ, որ ոտքս կոշիկի մեջ կարենա շարժիլ. նեղ ոտքի աման չեմ
ուզեր, որովհետև նասըր ունիմ:
— Գլխուս վրա, ձեզի անանկ կոշիկ մը շինեմ, որ թե մոտայի համաձայն ըլլա, և
թե ձեր ոտքերը չսխմեն:
— Եթե կարենաս գոհ ընել զիս, միշտ քու խանութը կուգամ:
— Վստահ եղեք:
Կոշկակարը Սեդրաք աղային ոտքի չափը կառնե և կիմացնե, թե քանի մ’օրեն պատրաստ պիտի ըլլան կոշիկները:
Սեդրաք աղան քանի մ’օրեն կերթա կոշկակարին:
— Պատրա՞ստ են կոշկիկներս:
— Այո պատրաստ են:
Կոշկակարին աշակերտը Սեդրաք աղային կը ներկայացնե կոշկիկները:
— Եղբայրս, — կսե Սեդրաք աղան, — ասոնք պզտիկ են:
— Ընդհակառակն, մեծ են:
— Ասոնց քթները նեղ են:
— Չեմ կարծեր, շատ լայն քթերն այսօր մաքպուլ չեն. կաղաչեմ անգամ մը ձեր
ոտքն անցունեիք սա կոշիկները:
Սեդրաք աղան կը նստի: Կոշկակարին աշակերտը քառակուսի տախտակ մը
կը դնե Սեդրաք աղային ոտքերուն տակը: Սեդրաք աղան կը ձեռնարկե նոր
կոշիկներն հագնելու: Կոշկիկները կապստամբին:
— Ոտքդ ուժով կոխե, — կը պոռա կոշկակարն:
— Ոտքի վրա ել ու այնպես կոխե, — կսե կոշկակարին քալֆան:
— Ուժով ոտքդ գետինը զարկ, — կը խրատե կոշկակարին աշակերտը:
— Ծո, սա փոշին ցանե քիչ մը կոշիկներուն մեջ, որ Սեդրաք աղային ոտքերը
դյուրությամբ սահին ու մտնեն, — կը հրամայե կոշկակարն պզտիկ աշակերտին:
Հրամանը կը կատարվի:
Կոշիկներն հաստատամիտ են:
— Էոֆ, քրտնեցա, պե ատամ, — կըսե Սեդրաք աղան` երեսը թթվեցնելով, —
քեզի քառասուն անգամ ապսպրեցինք, որ մեծ ըլլան, լայն ըլլան, երկար ըլլան:
— Կերևա, որ ոտքերդ ալ քրտնած են և անոր համար…
— Չէ, ճանըմ… կոշիկները նեղ են:
— Անգամ մը հագնիս, կը բացվին: Լայն ոտքի ամաններն ավելի կը վնասեն
նասըրներուն:
— Չեմ կրնար կոր հագնիլ:
Կոշկակարն քալֆայովն և աշակերտներովն Սեդրաք աղային օգնելու կերթա:
Երկու հոգի Սեդրաք աղային թևը կը մտնեն. կոշկակարն Սեդրաք աղային մեկ ոտքը
կը բռնե և կաշխատի կոշիկին մեջ դնել: Ամբողջ կոշկակարյան խումբը կը քաջալերե
Սեդրաք աղան.
— Հա, հա, կմտնա կոր…
— Քիչ մ’ալ համբերություն…
— Քիչ մ’ալ հաստատամտություն…
— Օն, քաջալերվե…
— Վայ, վայ, վայ…
— Քիչ մը դիմացիր, էֆենտիմ…
— Անգամ մը մտնա նե…
— Ոտքս կոտրեին նե, ավելի աղեկ էր…
— Հա, հա, քիչ մնաց…
— Քիչ մ’ալ ճահտ ընես նե, կը լմննա, կերթա:
— Հոգնեցար նե, քիչ մը հոգնություն առ տե…
— Հարյուր անգամ ալ ապսպրեցի, որ ես մոտա չեմ ուզեր, ոտքերուս
հանգստությունը կուզեմ…
— Կոխե ոտքդ…
— Ի՞նչպես կոխեմ, ճանըմ, չեք հասկնար կոր, որ ոտքերս կէրին կոր, կարծես
թե կրակի մեջ կոխած եմ… թող տվեք, Աստվածնիդ սիրեք, սա ի՞նչ խոսք չհասկացող
մարդոց հանդիպեցանք:
— Քիչ մ’ալ ղայրեթ ըրե, էֆենտի:
— Ղայրեթնիդ ալ գետնին տակը անցնի, կոշիկնիդ ալ… թող տվեք ոտքս, վազ
անցա:
— Բարկանալու իրավունք չունիք, Սեդրաք աղա…
— Չունիմ, աղբար, չունիմ, դուք իրավունք ունիք բարկանալու, թող տվեք, սա
ոտքս քաշեմ:
— Կոշկակարն ուժով բռնած է Սեդրաք աղային ոտքեն, որու ինը տասներորդ
մասը մտած է կոշիկի մեջ:
— Շատ բծախնդիր եք, Սեդրաք աղա:
— Սեդրա աղան կզգա, թե գերի բռնված է, ուստի անձնատուր կլլա
կոշկակարին, որ յուր խումբովը կը հաջողի կոշիկներն անցնել յուր հաճախորդին
ոտքերուն:
— Տեսա՞ր, ինչպես աղեկ եղավ… ոտքի վրա կայնե քիչ մը. ոհ… մինչև տուն
երթաս նե, ոչ ցավ կը մնա, ոչ բան մը… սանկ քալե, նայիմ:
— Ի՞նչպես քալեմ, ճանըմ, նասըրներս կը ցավին կոր… հանեցեք սըվոնք:
— Քիչ մը խոսք մտիկ ըրե, Սեդրաք աղա, մինչև տուն գնա, ոտքերդ պիտի
վարժվին ու…
— Քիչ մը լայնկեկ շինեիք նե, չէ՞ր ըլլար:
— Չըլլար Սեդրաք աղա չըլլար, ամեն խանութ նամուս ունի, մենք մեր
խանութին պատիվը չենք կրնար կոտրել անանկ մեծ, լայնու տձև կոշիկներ կարելով,
ամեն մարդ իր գործը գիտե:
— Աղեկ, աղեկ, ի՞նչ պիտի տանք
— Ոսկի մը ու մեճիտիե մը
— Առեք:
— Շնորհակալ եմ: Մեզի մի մոռանաք, Սեդրաք աղա:
Սեդրաք աղան այդ կոշիկներով դուրս կելնե կոշկակարին խանութեն,
նասրներու ցավեն ամեն քայլափոխին հառաչելով, երբեմն ալ արտասվելով: Կզգա
վերջապես, թե չպիտի կրնար շարունակել ճամփան, զբոսարան մը կը մտնե, բազմոցի
վրա կը նստի և կոշիկները հանել կուզե: Չհաջողիր: Սրճարանին սպասավորը կը
կանչե և կաղաչե, որ կոշիկներն քաշե: Սպասավորը բոլոր ուժը կսպառե, կարելի չէ
կոշիկները հանել: Իմաց կը տրվի կոշկակարին, որ քալֆային ընկերակցությամբ կը
հասնի ու մեծ դժվարությամբ կը հաջողի ազատել Սեդրաք աղան յուր ոտքերուն
ձեռքեն: Սեդրաք աղան կը հագնի հին կոշիկները, զորս կոշկակարի խանութեն հետն
առած էր, և կը հանգստանա:
— Բնավ սըխըի չեք գար կոր, Սեդրաք աղա, — կըսե կոշկակարը, — ձևավոր և
ճաշակավոր բան մը հագնելու համար քիչ մը ակռան սխմելու է մարդս. ինչ որ է.
տեվեք սա կոշիկներն ինձ, վաղը ես զանոնք աղվոր խալըպի մը զարնեմ տե, ղրկեմ
ձեզի:
— Շատ աղեկ, — կը պատասխանե Սեդրաք աղան ու խահվե մի խմելուն պես
կմեկնի:
Հետևյալ օրը Սեդրաք աղան շուկա կերթա, ապայե լաբճին մը ու լաստիկ մը կը
գնե, կը հագնի ու գործի կերթա:
Դիտողությունները կսկսին.
— Խայտառակություն է:
— Ինչ մեղքս պահեմ, հետը պտտելու կամչնամ կոր:
— Թող գյուղ մը երթա, նստի, էֆենտիմ:
— Ատ ոտքերով ընկերությանց մեջ մտնել կարելի չէ:
Այս դիտողություններն Սեդրաք աղային ականջը կհասնի:
Սեդրաք աղան կը համոզվի, թե քաղաքավարությունը չհակառակիր նասըրի,
բայց սարսափելի թշնամի է ապա լաբճինի: Սեդրաք աղան կը ստիպվի հանել
լաբճինները և ընդունել մոտային համաձայն կոշիկներն ու անոր հարվածներն: