Գրականություն

Քաղաքավարության սխալները

Սեդրաք աղան կոշկակարի մը խանութը կը մտնե:
— Բարեկամ, — կըսե կոշկակարին, — զույգ մը կոշիկ կուզեմ ապսպրել:
— Շատ աղեկ:
— Կոշիկներուն քիթը նեղ ըլլալու չեն:
— Հիմիկվան մոտայեն չեք ուզեր ըսել է:
— Միայն կուզեմ, որ ոտքս կոշիկի մեջ կարենա շարժիլ. նեղ ոտքի աման չեմ
ուզեր, որովհետև նասըր ունիմ:
— Գլխուս վրա, ձեզի անանկ կոշիկ մը շինեմ, որ թե մոտայի համաձայն ըլլա, և
թե ձեր ոտքերը չսխմեն:
— Եթե կարենաս գոհ ընել զիս, միշտ քու խանութը կուգամ:
— Վստահ եղեք:
Կոշկակարը Սեդրաք աղային ոտքի չափը կառնե և կիմացնե, թե քանի մ’օրեն պատրաստ պիտի ըլլան կոշիկները:
Սեդրաք աղան քանի մ’օրեն կերթա կոշկակարին:
— Պատրա՞ստ են կոշկիկներս:
— Այո պատրաստ են:
Կոշկակարին աշակերտը Սեդրաք աղային կը ներկայացնե կոշկիկները:
— Եղբայրս, — կսե Սեդրաք աղան, — ասոնք պզտիկ են:
— Ընդհակառակն, մեծ են:
— Ասոնց քթները նեղ են:
— Չեմ կարծեր, շատ լայն քթերն այսօր մաքպուլ չեն. կաղաչեմ անգամ մը ձեր
ոտքն անցունեիք սա կոշիկները:
Սեդրաք աղան կը նստի: Կոշկակարին աշակերտը քառակուսի տախտակ մը
կը դնե Սեդրաք աղային ոտքերուն տակը: Սեդրաք աղան կը ձեռնարկե նոր
կոշիկներն հագնելու: Կոշկիկները կապստամբին:
— Ոտքդ ուժով կոխե, — կը պոռա կոշկակարն:
— Ոտքի վրա ել ու այնպես կոխե, — կսե կոշկակարին քալֆան:
— Ուժով ոտքդ գետինը զարկ, — կը խրատե կոշկակարին աշակերտը:
— Ծո, սա փոշին ցանե քիչ մը կոշիկներուն մեջ, որ Սեդրաք աղային ոտքերը
դյուրությամբ սահին ու մտնեն, — կը հրամայե կոշկակարն պզտիկ աշակերտին:
Հրամանը կը կատարվի:
Կոշիկներն հաստատամիտ են:
— Էոֆ, քրտնեցա, պե ատամ, — կըսե Սեդրաք աղան` երեսը թթվեցնելով, —
քեզի քառասուն անգամ ապսպրեցինք, որ մեծ ըլլան, լայն ըլլան, երկար ըլլան:
— Կերևա, որ ոտքերդ ալ քրտնած են և անոր համար…
— Չէ, ճանըմ… կոշիկները նեղ են:
— Անգամ մը հագնիս, կը բացվին: Լայն ոտքի ամաններն ավելի կը վնասեն
նասըրներուն:
— Չեմ կրնար կոր հագնիլ:
Կոշկակարն քալֆայովն և աշակերտներովն Սեդրաք աղային օգնելու կերթա:
Երկու հոգի Սեդրաք աղային թևը կը մտնեն. կոշկակարն Սեդրաք աղային մեկ ոտքը
կը բռնե և կաշխատի կոշիկին մեջ դնել: Ամբողջ կոշկակարյան խումբը կը քաջալերե
Սեդրաք աղան.
— Հա, հա, կմտնա կոր…
— Քիչ մ’ալ համբերություն…
— Քիչ մ’ալ հաստատամտություն…
— Օն, քաջալերվե…
— Վայ, վայ, վայ…
— Քիչ մը դիմացիր, էֆենտիմ…
— Անգամ մը մտնա նե…
— Ոտքս կոտրեին նե, ավելի աղեկ էր…
— Հա, հա, քիչ մնաց…
— Քիչ մ’ալ ճահտ ընես նե, կը լմննա, կերթա:
— Հոգնեցար նե, քիչ մը հոգնություն առ տե…
— Հարյուր անգամ ալ ապսպրեցի, որ ես մոտա չեմ ուզեր, ոտքերուս
հանգստությունը կուզեմ…
— Կոխե ոտքդ…
— Ի՞նչպես կոխեմ, ճանըմ, չեք հասկնար կոր, որ ոտքերս կէրին կոր, կարծես
թե կրակի մեջ կոխած եմ… թող տվեք, Աստվածնիդ սիրեք, սա ի՞նչ խոսք չհասկացող
մարդոց հանդիպեցանք:
— Քիչ մ’ալ ղայրեթ ըրե, էֆենտի:
— Ղայրեթնիդ ալ գետնին տակը անցնի, կոշիկնիդ ալ… թող տվեք ոտքս, վազ
անցա:
— Բարկանալու իրավունք չունիք, Սեդրաք աղա…
— Չունիմ, աղբար, չունիմ, դուք իրավունք ունիք բարկանալու, թող տվեք, սա
ոտքս քաշեմ:
— Կոշկակարն ուժով բռնած է Սեդրաք աղային ոտքեն, որու ինը տասներորդ
մասը մտած է կոշիկի մեջ:
— Շատ բծախնդիր եք, Սեդրաք աղա:
— Սեդրա աղան կզգա, թե գերի բռնված է, ուստի անձնատուր կլլա
կոշկակարին, որ յուր խումբովը կը հաջողի կոշիկներն անցնել յուր հաճախորդին
ոտքերուն:
— Տեսա՞ր, ինչպես աղեկ եղավ… ոտքի վրա կայնե քիչ մը. ոհ… մինչև տուն
երթաս նե, ոչ ցավ կը մնա, ոչ բան մը… սանկ քալե, նայիմ:
— Ի՞նչպես քալեմ, ճանըմ, նասըրներս կը ցավին կոր… հանեցեք սըվոնք:
— Քիչ մը խոսք մտիկ ըրե, Սեդրաք աղա, մինչև տուն գնա, ոտքերդ պիտի
վարժվին ու…
— Քիչ մը լայնկեկ շինեիք նե, չէ՞ր ըլլար:
— Չըլլար Սեդրաք աղա չըլլար, ամեն խանութ նամուս ունի, մենք մեր
խանութին պատիվը չենք կրնար կոտրել անանկ մեծ, լայնու տձև կոշիկներ կարելով,
ամեն մարդ իր գործը գիտե:
— Աղեկ, աղեկ, ի՞նչ պիտի տանք
— Ոսկի մը ու մեճիտիե մը
— Առեք:
— Շնորհակալ եմ: Մեզի մի մոռանաք, Սեդրաք աղա:
Սեդրաք աղան այդ կոշիկներով դուրս կելնե կոշկակարին խանութեն,
նասրներու ցավեն ամեն քայլափոխին հառաչելով, երբեմն ալ արտասվելով: Կզգա
վերջապես, թե չպիտի կրնար շարունակել ճամփան, զբոսարան մը կը մտնե, բազմոցի
վրա կը նստի և կոշիկները հանել կուզե: Չհաջողիր: Սրճարանին սպասավորը կը
կանչե և կաղաչե, որ կոշիկներն քաշե: Սպասավորը բոլոր ուժը կսպառե, կարելի չէ
կոշիկները հանել: Իմաց կը տրվի կոշկակարին, որ քալֆային ընկերակցությամբ կը
հասնի ու մեծ դժվարությամբ կը հաջողի ազատել Սեդրաք աղան յուր ոտքերուն
ձեռքեն: Սեդրաք աղան կը հագնի հին կոշիկները, զորս կոշկակարի խանութեն հետն
առած էր, և կը հանգստանա:
— Բնավ սըխըի չեք գար կոր, Սեդրաք աղա, — կըսե կոշկակարը, — ձևավոր և
ճաշակավոր բան մը հագնելու համար քիչ մը ակռան սխմելու է մարդս. ինչ որ է.
տեվեք սա կոշիկներն ինձ, վաղը ես զանոնք աղվոր խալըպի մը զարնեմ տե, ղրկեմ
ձեզի:
— Շատ աղեկ, — կը պատասխանե Սեդրաք աղան ու խահվե մի խմելուն պես
կմեկնի:
Հետևյալ օրը Սեդրաք աղան շուկա կերթա, ապայե լաբճին մը ու լաստիկ մը կը
գնե, կը հագնի ու գործի կերթա:
Դիտողությունները կսկսին.
— Խայտառակություն է:
— Ինչ մեղքս պահեմ, հետը պտտելու կամչնամ կոր:
— Թող գյուղ մը երթա, նստի, էֆենտիմ:
— Ատ ոտքերով ընկերությանց մեջ մտնել կարելի չէ:
Այս դիտողություններն Սեդրաք աղային ականջը կհասնի:
Սեդրաք աղան կը համոզվի, թե քաղաքավարությունը չհակառակիր նասըրի,
բայց սարսափելի թշնամի է ապա լաբճինի: Սեդրաք աղան կը ստիպվի հանել
լաբճինները և ընդունել մոտային համաձայն կոշիկներն ու անոր հարվածներն:

Оставьте комментарий